Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բարեփոխիչների նամակը», Իսրայելում իրանական լրտեսի ձերբակալումը և ահաբեկիչներից ամերիկյան վերնախավի կաշառք ստանալու ապացույցներ

«Բարեփոխիչների նամակը», Իսրայելում իրանական լրտեսի ձերբակալումը և ահաբեկիչներից ամերիկյան վերնախավի կաշառք ստանալու ապացույցներ
24.07.2018 | 10:52

(Նախորդ մասը)

Մի քիչ էլ մեջբերենք ISNA գործակալության ձևակերպումներից, հիշելով, թե այդ լրատվամիջոցի տեղեկատվությունն ում տեսակետներն է ներկայացնում. «Մամլո քարտուղարը նաև նշեց, որ տվյալ նամակն Իրանի Իսլամական Հանրապետությունում խոսքի ազատության ակնհայտ դրսևորում է: Այդ նամակը, որում ասվում է, թե բանակցությունները կարող են պաշտպանել Իրանի ազգային շահերը, նաև լուծել նրա որոշ խնդիրներ, լայն քննադատություն է առաջացրել ողջ քաղաքական դաշտում: Մարդկանց մեծամասնությունը նշում է, որ իրանական ատոմի գծով 2015 թ. համաձայնագրից Թրամփի դուրս գալը ցույց է տալիս որպես բանակցող նրա անհուսալի լինելը: Թեհրանի համալսարանի դոցենտ Ֆոադ Իզադին հայտարարել է, որ այդ նամակը գրողները գործել են Ամերիկայի օգտին: Նամակը կարելի է բնութագրել կա՛մ որպես դավաճանություն, «կա՛մ որպես տգիտություն»,- ավելացրել է նա: Իզադին նաև ասել է, որ դեռ պատշաճ պայմաններ չեն ստեղծվել բանակցությունների համար, և Իսլամական Հանրապետությունը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը ցանկացած բանակցություններում առավելություն ունենալու համար: Լրագրող-բարեփոխիչ Աբբաս Աբդին ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունները գնահատեց որպես «քաղաքական շոու», որը քիչ նմանություն ունի Իրանի իրավիճակի հետ:

«Ներկայիս իրավիճակում, երբ Թրամփն առանց որևէ տրամաբանության դուրս եկավ միջուկային համաձայնագրից, երկխոսության ոչ մի հեռանկար չկա»,- ասել է Աբդին»: Առանց որևէ բան պարտադրելու ուզում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ այն, ինչ հրապարակում է ISNA-ն, 90-95 %-ով արդեն «ստուգում է անցել» ամենաբարձր մակարդակում և պարունակում է այաթոլահ Խամենեիի տեսակետի կարևորագույն տարրերը:
Արդեն հունիսի 20-ին իրանա-ամերիկյան գաղտնի բանակցությունների հեռանկարի մասին այդ ողջ բացասական տեղեկատվությունը պսակում է երկու նոր հայտարարություն: Սկզբում Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայեթին բացառեց Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հնարավորությունը և ասաց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելը «համարժեք է կապիտուլյացիայի»: «Թրամփին հաճոյացողները պետք է իմանան, որ եթե իրենց ժամկետը լրանա, ապա և՛ իրենց սեփական, և՛ իրենց երեխաների «կանաչ քարտերը» ԱՄՆ-ի կողմից անվավեր են հայտարարվելու: Բանակցություններն այն մարդու հետ, որը հավատարիմ չէ միջազգային պայմանագրերին և չի կատարում անգամ դաշնակիցներին տված իր խոստումները, նշանակում են անձնատուր լինել ԱՄՆ-ին»,- կոշտ ընդգծել է Վելայեթին «Թասնիմ նյուզի» հետ հարցազրույցում: Առաջին անգամ հենց «Թասնիմ նյուզի» հաղորդակցության մեջ է նշվում բարեփոխիչ-նամակագիրների» երկու անուն՝ «Թեհրանի նախկին քաղաքապետ, շինարարական կուսակցության բարեփոխչական խմբակցության ղեկավար Գոլյամհոսեյն Կարբասչի և ԱԳՆ-ի նախկին մամլո քարտուղար Համիդ Ասսեֆի»: Նրանք վաղուց չեն գնահատվում Թեհրանի քաղաքական վերնախավում: Այնուհետև նախագահ Ռոհանին էլ պետական տեղեկատվական ծառայության (ՊՏԾ) ղեկավարների և ավագ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ «ժողովրդի և պետական համակարգի միջև վստահության և համերաշխության ամրապնդումը կարևոր սկզբունք է», և ազգային ԶԼՄ-ները կարող են «հանրության մեջ հույս ստեղծել», «ՊՏԾ-ն շատ արդյունավետ դեր է խաղում ազգային անվտանգության համակարգում, թշնամիներն անհաշտ են Իրանի նկատմամբ զանազան միջազգային, տարածաշրջանային և տնտեսական ասպարեզներում նրա ձեռք բերած նվաճումների պատճառով: Մեր թշնամիները զայրանում են մեզ վրա ընտրությունները հաջող անցկացնելու, ԻՊ-ի դեմ պայքարելու, տարածաշրջանային կայունության և անվտանգության մեր դերի, ինչպես և պաղեստինցի ճնշված ժողովրդին պաշտպանելու համար»: Նա նաև ասաց, որ Իրանի ժողովուրդը երբեք տեղի չի տա ԱՄՆ-ի կառավարության անհիմն ճնշմանը և դավերին. «Մենք պետք է փորձենք մեղմել ապագայի վերաբերյալ մարդկանց կասկածները և հավաստիացնենք նրանց, որ նրանք երբևէ ոչ մի խնդրի չեն բախվի իրենց հիմնական պահանջմունքների ասպարեզում: Ազգային ԶԼՄ-ները կարող են հույս ներշնչել և հանրային կարծիքը կենտրոնացնել թշնամիների նպատակամետ ճնշման դեմ պայքարելու և դիմակայելու վրա»:


Այսպիսին է Իրանի վրա արտաքին ճնշման (այդ թվում՝ հոգեբանական) և այդ ճնշմանը իրանական ներքին արձագանքի հաշվեկշիռը: Բայց նշենք, որ օրերս սենսացիոն կերպով զարմացրեց (երևի առաջին հերթին իրեն) Իսրայելը: Ձերբակալվել է Իսրայելի 90-ականների էներգետիկայի և ենթակառույցների նախարար Գոնեն Սեգևը՝ Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով: Նա, իբր, «հավաքագրվել և գործել է որպես իրանական հետախուզության գործակալ»՝ ասվում է Իսրայելի անվտանգության գործակալության (առավել հայտնի է որպես «Շին-բետ») հայտարարության մեջ: Նա կալանավորվել է մայիսին՝ «պատերազմում թշնամուն ցույց տված օգնության հետ կապված հանցագործություններ կատարելու և Իսրայելի դեմ լրտեսության կասկածանքով», և հունիսի 15-ին նրան մեղադրանք է ներկայացվել «թշնամուն տեղեկություններ հաղորդելու» ոլորտում բազմաթիվ հանցագործություններ կատարելու համար՝ ասվում է հայտարարության մեջ: Ըստ իսրայելական հատուկ ծառայության, Սեգևը առաջին անգամ Նիգերիայում Իրանի դեսպանության պաշտոնական անձանց հետ շփման մեջ է մտել 2012 թ. և երկու անգամ հանդիպել է իրանցի կապավորներին, իմանալով, որ նրանք իրանական հետախուզության ներկայացուցիչներ են: Ըստ «Շին-բետի», Սեգևն իբր իրանական հետախույզների հետ հանդիպել է աշխարհի տարբեր վայրերում, հյուրանոցներում և բնակարաններում ու նրանցից ստացել «կապի գաղտնի համակարգ», որով ծածկագրվում էին հաղորդագրումները: Սեգևն Իրանին տեղեկություններ է հայտնել Իսրայելի անվտանգության ուժերի գտնվելու վայրերի, քաղաքական և պաշտպանական կազմակերպությունների, շենքերի և պաշտոնատար անձանց մասին, ինչպես նաև էներգետիկ ոլորտի վերաբերյալ նյութեր է տրամադրել: Հայտարարությունում ասվում է, որ Սեգևը նշել է անվտանգության ծառայությունների և արտքաղաքական կառույցների հետ կապ ունեցող որոշ իսրայելցի քաղաքացիների, որոնք հանդիպումներ են ունեցել իրանցի հետախույզների հետ, որոնց ինքը ներկայացրել է որպես «սովորական գործարարների»:


Առայժմ դժվար է դատել, թե ինչ է նախկին նախարար Սեգևին մերկացնելու մասին Իսրայելի հրապարակային խոստովանությամբ այդ պատմությունը: Իրանի «պատասխա՞նն է՝ արդեն ոչ պիտանի գործակալի կանխամտածված «հանձնումը», Թել Ավիվին և Վաշինգտոնին ցույց տալու, թե՝ ձեր թիկունքում աշխատում են մեր գործակալական ցանցերը, մի հրապուրվեք իրանական «բարեփոխիչներով», ՄԵՀ-ի ահաբեկիչներով և այլն: Թե՞ դա իրական հաջողությունն է իսրայելական «Շին-բետի», որը չեզոքացրել է իրանական հատուկ ծառայությունների՝ տարիներ շարունակ Թեհրանի օգտին լրտեսություն կատարած արժեքավոր գործակալին: Այդ պատճառով «բարեփոխիչների հայտնվելը» մեր մեջ ձգտում չի հարուցում պարզելու, թե Թեհրանի կողմից այդ ով է մտադրվել բանակցելու Թրամփի հետ, որին Իրանի ամենաբարձր իշխանությունն արդեն «խուլիգան» էլ է անվանում: Եթե Իրանի իշխանությունները բացահայտորեն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրում են ոչ միայն ԻՊ-ի ստեղծմանը մասնակցելու, հետևաբար Իրաքի և Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծելու, այլև 2017 թ. ամռանը Իրանում կրկնակի ահաբեկչությանը մասնակցելու համար, ընդ որում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնը մեղադրվում է ՄԵՀ-ի իրանցի ահաբեկիչներից կաշառք ստանալու, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոն՝ ահաբեկչական ՄԵՀ կազմակերպության «խոսնակ» աշխատելու համար, ապա անկողմնակալ դիտորդներին հետաքրքրում է հետևյալ հարցը. «պահեստում» ի՞նչ ունի Իրանի հետախուզությունը, և է՞լ ինչպես են վարկաբեկվելու ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները, ասենք, իրանցի «բարեփոխիչներով» կամ «ընդդիմությամբ», գուցե և ՄԵՀ-ի ահաբեկիչներով: Նախկին նախարար Սեգևի պատմությունը, անգամ եթե դա Իսրայելի «Շին-բետ» հակահետախուզության իրական հաջողությունն է, տվյալ պայմաններում կծառայի Թեհրանի, ոչ թե Վաշինգտոնի օգտին: Չէ՞ որ հիմա նաև ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պետք է նկատի ունենան, որ ամերիկյան «հույժ գաղտնի» համակարգերի ներսում կարող են գտնվել «նախկին նախարար սեգևներ», որոնք երկար տարիներ աշխատել են հօգուտ իրանական հատուկ ծառայությունների: Այնպես որ, ԱՄՆ-Իսրայել բանակում տիրող տրամադրությունները լիովին համադրելի են շվարման ու շփոթության հետ: Իսկ Իրանը, կրկին ցույց տալով, որ իր հասարակության հիմնական ուժերը համախմբված են, իսկ «նամակներ գրողներին» սպառնում են դավաճանության մեղադրանքները, շարունակում է շոշափելի բարոյական հարվածներ և հետախուզական կորուստներ հասցնել իր թշնամիներին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ